

Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե գլուխը և ձեռքը
Լոնդոնի Բրիտանական Թանգարանում պահվում է հին Հայաստանից սերող զարմանահրաշ մի արտեֆակտ՝ Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե գլուխը և ձեռքը: Այս գտածոները համարվում են ուշ շրջանի եզակի նմուշներ և թվագրվում են մ.թ.ա. 2-4-րդ դարերով։
Անահիտը հայկական դիցաբանության մեջ եղել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին։ Դուստրն է Արամազդի, իսկ որոշ տվյալների համաձայն՝ կինը։
Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։
Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը, ինչպես նաև մեկ ձեռքը հայտնաբերվել են 1872 թվականին Սադակ գյուղի մոտ՝ Յուսուֆ անունով մի ծերունու կողմից, մոտ 2 ֆուտ (0.61 մ) խորության վրա։ Այնուհետև գտածոները ձեռք է բերել Կոստանդնուպոլսում հնաոճ իրերի վաճառքով զբաղվող ազգությամբ հույն Սավաս Կուգյումցօղլուն։ Վերջինս էլ այն վերավաճառել է Ֆոթիադես Բեյին, որը Օսմանյան կայսրության դեսպանն էր Իտալիայում: Ֆոթիադեսը այն տարել է Հռոմ, որտեղ այն վաճառել է իտալացի ոսկերիչ և հնաոճ իրերի վաճառքով զբաղվող Ալեսանդրո Կաստելանիին, իսկ նա էլ իր հերթին այն վաճառել է Բրիտանական Թանգարանին 1873 թվականին:

Անահիտ աստվածուհու արձանի բրոզնե գլուխը
2024-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում աստվածուհու արձանի կտորները կներկայացվեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակներում։ Ցուցադրությունը կտևի մինչև 2025 թվականի մարտի 21-ը։
Այս իրադարձությունը, անշուշտ, կարևոր քայլ է հայկական ժառանգության տարածման, գնահատման և ուսումնասիրության գործում:

Անահիտը 5000 դրամանոց հայկական թղթադրամի վրա, որը շրջանառվում էր 1995-ից 2005 թվականներին
Անահիտ աստվածու արձանի մասունքները ավելին են քան սոսկ գտածոները, նրանք Հայաստանի հարուստ պատմության և մշակութային ժառանգության վկայությունն են: Անահիտի ճանապարհորդությունը Սադակից մինչև Բրիտանական Թանգարան, և այժմ արդեն Երևան, մի պատմություն է, որը արժե պատմել ու վերապատմել:
Լուսանկարներ

