

Հայաստանի առեղծվածներից մեկը՝ Հոռոմի կիկլոպյան ամրոցը
Հին հույները, չկարողանալով բացատրել, թե ինչպես են կառուցել Միկենեի պարիսպները, ենթադրեցին, որ հավանաբար կիկլոպյան հսկաներն էին օգնել միկենացիներին տեղափոխել ու բարձրացնել այդ հսկա քարերը։ Այստեղից էլ մենք ունենք Կիկլոպյան ամրոց անվանումը, որը տրվում է նմանատիպ շինություններին։ Այս հոդվածում կխոսենք մի կիկլոպյան ամրոցի մասին, որը գտնվում է Հայաստանում․ խոսքը գնում է Հոռոմի կիկլոպյան ամրոցի մասին։
Հոռոմի կիկլոպյան ամրոցը հանդիսանում է Հայաստանի ամենաառեղծվածային վայրերից մեկը։ Առանց շաղախի իրար վրա դրված այս հսկա քարերը ձևավորել են հզոր պարիսպ, որը դիմակայել է հազարամյակների փորձությանը։ Մինչ օրս, սակայն, անհայտ է թե ինչպես են մեր նախնիները կարողացել կտրել, տեղափոխել և բարձրացրել այս հսկա ժայռաբեկորները։

Հոռոմի կիկլոպյան ամրոցի ավերակները
Երբ կանգնած էի Հոռոմի կիկլոպյան ամրոցի տարածքում, ինձ մեկ հարց էր տանջում. «Ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի էր մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակում այսպիսի ծանրություններ բարձրացնել։
Միթե՞ հսկաների մատն է խառը, թե՞ մեր նախնիները ընդամենը տիրապետել են լծակների ու ճախարակների կիրառման հնարամիտ մեթոդների։
Հոռոմի բերդը, որը նաև հայտնի է որպես Ուրարտական ցիտադել, հիմնադրվել է Ք. ա. 3-2 հազարամյակում։ Այն գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարիսպ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 7 կմ։
20-րդ դարի առաջին կեսին Հոռոմում հնագիտական-հետախուզական աշխատանքներ են իրականացրել Նիկողայոս Մառը, Թորոս Թորամանյանը, Բորիս Պիոտրովսկին, Ա. Հաջյանը, Լ. Գյուզալյանը, Ե. Բայբուրդյանը և այլոք։

Թորոս Թորամանյան
Իր ուղեգրական նոթերում Թորոս Թորամանյանը գրել է․«Բոլոր նախնադարյան բերդաքաղաքների մեջ Հոռոմի բերդաքաղաքը միակն է թե իր մեծությամբ, թե բովանդակությամբ, և անկարելի է առանց ապշության դիտել, թե ինչպիսի մարդկային արտակարգ ուժ և միջոցներ են ի գործ դրել պարսպաքարերը միմյանց վրա բարձրացնելու համար»։
Հոռոմում 1990-ական թվականներին լայնածավալ պեղումներ է իրականացրել հայ-ամերիկյան արշավախումբը։
1997 թվականին բրոնզեդարյան դամբարանների պեղումներ է իրականացրել հայ-գերմանական արշավախումբը։
Ցավոք ուժեղ քամու պատճառով չկարողացա օդ բարձրացնել դրոնս և այս անգամ չենք տեսնի ամրոցը թռչնի թռիչքի բարձրությունից։ Հույս ունեմ, որ մի օր տարածքը կբարեկարգվի և կդառնա Հայաստանի զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկը։