

Արագածի գրավիտացիոն բլուրը
Արագածի գրավիտացիոն բլուրը զարմանահրաշ երևույթ է, որը գտնվում է Քարի լիճ կամ Ամբերդ ամրոց տանող ճանապարհներին: Այս եզակի անոմալիան, դեպի իրեն է ձգում ոչ միայն տեղացիներին, այլ նաև արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Եկեք տեսնենք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
Աշխարհում հայտնի են հարյուրավոր գրավիտացիոն բլուրներ, որոնք գտնվում են այնպիսի երկրներում ինչպիսիք են Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Չիլին, Ֆրանսիան, Հնդկաստանը, Հունաստանը և Հայաստանը։ Այս վայրերից շատերը հստակ անուններ չունեն և պարզապես հայտնի են որպես «Մագնիսական Բլուր», «Մագնիսական Ճանապարհ», «Կախարդական Ճանապարհ» կամ գիտական տերմինաբանությամբ՝ «Գրավիտացիոն Բլուր»:
Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել, թե ինչպես է ջրի շիշը գլորվում բլուրն ի վեր: Իրականությունն այն է, որ այս ամենը օպտիկական խաբկանք է, և մեղավորը շրջակա լանդշաֆտն է. թվում է, թե ճանապարհը տանում է դեպի վեր, իսկ իրականում այն տանում է դեպի վար:
Եթե թողնեք մեքենայի փոխանցման տուփը չեզոք դիրքում մեքենան կընթանա բլուրն ի վեր
Վերջ ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում գրավիտացիոն բլուրը և ինչպես է գիտությունը բացատրում այդ երևույթը։ Սա, ըստ էության, օպտիկական խաբկանք է. շրջակա միջավայրի լանդշաֆտը մարդու մոտ առաջացնում է տեսողական խաբկանք, զառիթափը թվում է որպես վեր տանող ճանապարհ և հակառակը։
Այս է պատճառը, որ երբ մեքենայի փոխանցման տուփը գտնվում է չեզոք դիրքում, այն տպավորությունն է ստեղծվում, թե այն ընթանում է բլրակն ի վեր՝ դեմ գնալով երկրի ձգողականության ուժին: Այս էֆեկտը նման է Էյմսի սենյակի տեսողական խաբկանքին, որի դեպքում մարդը, ով կանգնած է առջևի անկյունում, կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։
Արագածի գրավիտացիոն բլրի կոորդինատները՝ 40°25′55″N 44°14′04″E
Մյուս կետը մոտ է Ամբերդ ամրոցին՝ 40°24'02"N 44°13'50"E
Լուսանկարներ
