top of page

Ամբերդ ամրոց

Այս հոդվածը համառոտ տեղեկատվություն է տալիս միջնադարյան Հայաստանի ամենակարևոր և հզորագույն ամրոցներից մեկի՝ Ամբերդի մասին։

Ամբերդը միջնադարյան Հայաստանի հզորագույն ամրոցներից է։ Այն կառուցվել է պատմական Հայաստանի Արագածոտն գավառում,  Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ Արխաշեն և Ամբերդ գետերի միախառնման վայրում։


Նիկոլայ Տոկարսկին Հովսեփ Օրբելու հետ միասին այն կարծիքն է հայտնել, թե Անբերդն այն ամրոցներից է, որորնք Հայաստանում ջրի կարևորության պատճառով կառուցվում էին այնպիսի տեղերում, ուր հնարավոր լիներ հսկողության տակ պահել ջրամատակարարման սիստեմը։ Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դարի սկզբներին, բայց Ամրոցի պատերի մեջ առկա կիկլոպյան շարվածքները թույլ են տալիս ենթադրելու, որ այստեղ ամրություններ են եղել Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում։

Ամբերդ ամրոցը և Վահրամաշեն եկեղեցին այսօր



Ամբերդի մասին 2 տեսակի գրավոր աղբյուրներ կան՝ վիմական արձնանագրություններ և միջնադարյան հայ պատմիչների երկերը։ Վիմական արձանագրություններում, սակայն, գերազանցապես օգտագործվել է «Անբերդ» գրությունը, միյան մեկ անգամ հանդիպում է «Ամբերդ» ձևը և մեկ անգամ էլ՝ երկուսը միասին։ Այսպես օրինակ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Մակարավանքի և այլ վայրերի արձանագրություններում օգտագործված է «Անբերդ» ձևը, իսկ օրինակ Ամբերդ ամրոցի եղեկեցու հարավային պատի արձանագրության մեջ գործածված է «Ամբերդ» ձևը։ 1350 թվականի Հովհաննավանքի արձանագրության սկզբում գրված է «Անբերդ», իսկ վերջում՝ «Ամբերդ»։


Ինչ վերաբերվում է պատմիչներին, միջնադարյան հեղինակներից շատերը գործածում են «Անբերդ» ձևը և միայն Գրիգոր Պահլավունին է, որ ունի՝ «Ամբերդ»։ Ուշ շրջանի պատմիչ Զաքարիա Սարկավագի մոտ հանդիպում է «Անբերդ» ձևը, իսկ Առաքել Դավրիժեցու մոտ՝ «Ամբերդ»։


Չնայած որ Ս․ Հարությանը իր հայտնի «Անբերդ» գրքում օգտագործում է Անբերդ անվանումը, այսօր ամրոցը հայտնի է Ամբերդ անվամբ։


Ինչպես գրում է Գրիգոր Ղափանցյանը՝ «Անբերդ» հին ձևը վեր է ածվել «Ամբերդ» նոր ձևի հետընթաց ասմիլիացիայի շնորհիվ, ինչպես անբիծ-ամբիծ և այլն։


Ամբերդ անունը կարելի է մեկնել որպես ամպերի մեջ գտնվող բերդ, իսկ Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ։

 

Ամբերդի ընդհանուր հատակագիծը։ Լուսանկարը վերցված է Ս․ Վ․ Հարությունյանի "Անբերդ" գրքից


Ամրոցի տարածքը բաղկացած է իշխանական եռահարկ միջնաբերդից, բերդապարիսպներից, եկեղեցուց, փոքր մատուռից, բաղնիքից, գաղտնուղիներից, ջրամբարներից։


Միջնաբերդը եռահարկ շինություն է, ներկայումս պահպանվել են երկու հարկերը և միայն տեղ տեղ՝ նրա երրորդ հարկը։ Յուրաքանչյուր հարկում տեղադրված են 5-ական մեծ սենյակներ։


Ամբերդում եղել են երկու ջրամբար՝ մեծ և փոքր, և գաղտնուղիներ, որոնցով ջուր են բերել մոտակա գետերից պաշարման ժամանակ։ Գաղտնուղիները մասամբ մինչ օրս էլ պահպանվել են։


Վահրամաշեն եկեղեցու վրա արված արձանագրությունից իմանում ենք կառուցման տարեթիվը։ Այնտեղ ասվում է, որ 1026 թվականին Վահրամ իշխանը Կաթողիկե եկեղեցի է կառուցում որպես Աթոռ Հայրապետական և սահմանում այն հարկերը, որոնք գանձվելու էին եպիսկոպոսարանի օգտին։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է և նման է Մարմաշենի եկեղեցուն։ 1970-75 թվականներին այն վերանորոգվել է։


Ամբերդ ամրոցն 8-րդ դարում անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմական հենակետերից մեկը։

10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին։

1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կործանումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զորքերը գրավեցին Ամբերդը։

11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։

1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։

1236 թվականին Ամբերդը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից։

13-րդ դարի վերջին Վաչուտյանները վերակառուցել են ամրոցը։

Ամբերդը վերջնականապես ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել։

Լուսանկարներ

You May Also Like

Yerevan Tales: The Finswimmer Who Saved 20 Lives from a Submerged Trolleybus

repeater image.jpg
Yerevan Tales: The Finswimmer Who Saved 20 Lives from a Submerged Trolleybus

Hiking Guide to Climbing Mount Aragats: Tips for Your Upcoming Tour

repeater image.jpg
Hiking Guide to Climbing Mount Aragats: Tips for Your Upcoming Tour

Acclimatization: The Key to Safe and Successful High-Altitude Climbing

repeater image.jpg
Acclimatization: The Key to Safe and Successful High-Altitude Climbing

Soviet Flag and Soviet-Armenian Flag

repeater image.jpg
Soviet Flag and Soviet-Armenian Flag

Hiking Trail Types: Out-and-Back, Loop, Point-to-Point, Lollipop

repeater image.jpg
Hiking Trail Types: Out-and-Back, Loop, Point-to-Point, Lollipop

Khor Virap Monastery: From the Pit to the First Christian Country

repeater image.jpg
Khor Virap Monastery: From the Pit to the First Christian Country

Custom Cars in Soviet Armenia

repeater image.jpg
Custom Cars in Soviet Armenia

From Arecibo Observatory to Herouni Telescope in Armenia

repeater image.jpg
From Arecibo Observatory to Herouni Telescope in Armenia
bottom of page